Համաշխարհային տնտեսություն

ԱՄՆ-ում վերջին եռամսյակներում արձանագրված բարձր տնտեսական աճը և հարստության ավելացումը նախադրյալներ են պարունակում սպառման աճով պայմանավորված տնտեսական աճի շարունակականության տեսանկյունից, սակայն վերջին ամիսներին տնտեսական քաղաքականության հեռանկարի շուրջ առկա անորոշությունն առաջիկայում կարող է զսպել մասնավոր պահանջարկը։ Ռուսաստանում բարձր տնտեսական ակտիվությունը պահպանվում է, որին մեծապես նպաստում է ներքին սպառման, հատկապես ծառայությունների բարձր աճը։ Միևնույն ժամանակ, Չինաստանում նկատվում է տնտեսական ակտիվության աճի դանդաղում՝ պայմանավորված ներքին պահանջարկի թուլացմամբ, իսկ Եվրոգոտում տնտեսական աճը պահպանվում է ցածր մակարդակում: Համաշխարհային տնտեսությունում, ընդհանուր առմամբ, պահպանվում են տնտեսական ակտիվության աճի դանդաղման ռիսկերը:

ԱՄՆ-ում տնտեսության հիմնարարների շուրջ բարձր անորոշությունը պահպանվում է: Ավելացել է տնտեսական քաղաքականության՝ հատկապես առևտրային և հարկաբյուջետային քաղաքականությունների շուրջ անորոշությունը, ինչը վերջին ամիսներին նպաստել է ֆինանսական շուկաներում տատանողականության ավելացմանը և ակտիվների գների որոշակի ճշգրտմանը։ Չնայած ԱՄՆ-ում, վերջին եռամսյակների ընթացքում, սպառումը շարունակում է աճել բարձր տեմպերով՝ նպաստելով բարձր տնտեսական աճի պահպանմանը (2024 թ. չորրորդ եռամսյակում արձանագրվել է 2.3% տնտեսական աճ, որին շուրջ 2.8 տոկոսային կետով նպաստել է անձնական սպառման ծախսերի աճը), այնուհանդերձ, վերջին ամիսներին տնտեսական քաղաքականության շուրջ անորոշության ավելացումը ռիսկեր է պարունակում սպառման և ներդրումների հետաձգման և տնտեսական աճի դանդաղման տեսանկյունից: Թեև ընդհանուր գնաճն աստիճանաբար մոտենում է թիրախին, հիմնարար գնաճը բնութագրող որոշ ցուցանիշներ, այդ թվում՝ կոշտ գներով բնութագրվող ապրանքների գնաճը և աշխատավարձերի աճը դեռևս ձևավորվում են թիրախային մակարդակից զգալիորեն բարձր: Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ի նոր վարչակազմի կողմից վարվող առևտրային և հարկաբյուջետային քաղաքականությունները գնաճային միջավայրի ընդլայնման տեսանկյունից էական ռիսկեր են պարունակում, ինչը կարող է խորացնել ԱՄՆ-ի ԴՊՀ երկընտրանքը գների կայունության և լրիվ զբաղվածության ապահովման նպատակների միջև։ Ի լրումն կարճաժամկետ գնաճային ազդեցությունների՝ միջնաժամկետ հատվածում հարկաբյուջետային քաղաքականության առավել խթանող դիրքի հնարավոր ձևավորումը ռիսկեր է պարունակում նաև պարտքի բեռի ավելի բարձր ուղեգծի դրսևորման և հիմնարար չեզոք տոկոսադրույքի ավելացման համատեքստում: Դա իր ազդեցությունը կարող է ունենալ ինչպես ԱՄՆ-ի ԴՊՀ քաղաքականության ապագա ուղեգծի, այնպես էլ երկարաժամկետ տոկոսադրույքների ու զարգացող երկրներում կապիտալի հոսքերի վրա: Վերոնշյալ զարգացումները շարունակում են խնդիրներ ստեղծել դրամավարկային մարմինների համար՝ գնաճը վերջնականապես թիրախին մոտեցնելու և գների կայունության հանձնառության ապահովման տեսանկյունից:

Եվրոպական կենտրոնական բանկը 2025 թ. մարտին ևս նվազեցրել է քաղաքականության տոկոսադրույքը 25 բազիսային կետով՝ սահմանելով 2.65%։ 2024 թ․, արտաքին պահանջարկի ժամանակավոր գործոններով պայմանավորված, որոշակի արագացումից հետո, տարեսկզբին տնտեսական աճը, ընդհանուր առմամբ, պահպանվում է ցածր մակարդակում, իսկ աճի հեռանկարը և կառուցվածքը, հատկապես արդյունաբերության ճյուղում, շարունակում են մնալ մտահոգիչ։ Ընդհանուր գնաճը նվազում է ապրանքների գնաճի թուլացման հաշվին, իսկ ծառայությունների գնաճը մնում է բարձր՝ արտահայտելով տնտեսության տարբեր հատվածներում զարգացումների միջև բևեռացման խորացումը։ Սա էական մարտահրավեր է ԵԿԲ քաղաքականության ճշգրտման արագության և գնաճի նպատակի ապահովման տեսանկյունից:

Եվրոգոտում և Չինաստանում թույլ ներքին պահանջարկի պահպանման ռիսկերը, ինչպես նաև տնտեսական քաղաքականության և աշխարհաքաղաքական զարգացումների ուղղությունները մնում են որպես համաշխարհային տնտեսության ավելի ցածր աճի հեռանկարի վերաբերյալ հիմնական անորոշության գործոններ:

Ռուսաստանում տնտեսական աճը պահպանվում է բարձր մակարդակում, որին շարունակում են նպաստել ինչպես խթանող հարկաբյուջետային քաղաքականությունը, այնպես էլ մասնավոր ծախսումների զգալի աճը: Նման միջավայրում ռազմական արդյունաբերության և մասնավոր հատվածի միջև աշխատուժի համար մրցակցության խորացումը, աշխատանքի շուկայի լարված պայմաններում, կարող է հանգեցնել գնաճային ռիսկերի ուժգնացմանը։ Այս համատեքստում, չնայած Ռուսաստանի ԿԲ-ի կողմից քաղաքականության պայմանների զգալի խստացմանը, գնաճի կարգավորման ուղղությամբ էական առաջընթաց դեռևս չի նկատվում։ Մյուս կողմից՝ ավելի խիստ և թիրախավորված արևմտյան պատժամիջոցները, դրամավարկային պայմանների զգալի խստացման միջավայրում, որոշակի ռիսկեր են պարունակում ՌԴ տնտեսության միջնաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Միևնույն ժամանակ, աճել է ռուս-ուկրաինական հակամարտության հավանական մոտալուտ հանգուցալուծման հավանականությունը, ինչը տնտեսության կարճաժամկետ և միջնաժամկետ աճի մասով առավելապես վերևի ուղղությամբ ռիսկեր է պարունակում:

Համաշխարհային ապրանքահումքային շուկաներում պարենային ապրանքների գները վերջին ամիսներին կայունացել են՝ ձևավորվելով նախորդ տարվա համեմատությամբ ավելի բարձր մակարդակներում: Այդուհանդերձ, ապրանքահումքային շուկաների միջնաժամկետ զարգացումների շուրջ զգալի անորոշությունը պահպանվում է: Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական լարվածության խորացումը շարունակում է նավթի գների և տատանողականության հնարավոր աճի, ինչպես նաև համաշխարհային արժեշղթաների հնարավոր խաթարումների ռիսկեր պարունակել: Մյուս կողմից՝ համաշխարհային պահանջարկի հետագա թուլացման պարագայում կարող են արձանագրվել գնանկումային ճնշումներ: